19 ապրիլի 2021 - 13:42 AMT
ՄԻՊ-ը միջազգային կառույցներին լրացուցիչ տվյալներ է ներկայացրել գերիների վերադարձի հարցով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ տվյալներ է ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհետ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերով:

Նամակում առաջնահերթ ցույց է տրված, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Նշվում է, որ միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք կարգավիճակով գերի են և պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս հարցն արհեստական ձգձգվում է՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ:

«Մինչդեռ, սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Գերիների ազատ արձակումը և վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների և մարդասիրական գործընթացի շրջանակում:

ՄԻՊ ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը»,-ասվում է նամակում։

Նշվում է նաև, որ ՄԻՊ հավաքագրած ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 2020թ. 44 գերիների վերադարձին:

Նամակում նշվել է նաև, որ գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում, որը շարունակաբար քարոզվում է պետական մակարդակով։

Բարձրացվել է գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտության հարց։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, թե Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներն։