19 ապրիլի 2021 - 14:37 AMT
ՊԲ-ն հերքում է․ Հադրութում զոհված Կարապետյանի մեդալը ոչ թե տաքսու վարորդն է հանձնել, այլ լեյտենանտը

Պաշտպանության նախարարությունը հերքել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Հադրութում զոհված Ռոբերտ Կարապետյանի մեդալը նրա ծնողներին է փոխանցվել տաքսու վարորդի միջոցով՝ նշելով, որ պարգևը հանձնել է լեյտենանտ Էդգար Ապրեսյանը:

«Նշվածն իրականության հետ որևէ աղերս չունի: Իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:

Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը»,- ասվում է հայտարարության մեջ:

ՊԲ հայտարարության մեջ նշվում է նաև, որ զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամասի և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:

«Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց», - ասվում է ՊԲ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Հադրութում զոհված իր քրոջ որդու մեդալը տաքսու վարորդն է փոխանցել զոհվածի հորը:

«Հասկանու՞մ եք որ էս ձևով տված պարգևն ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության է նման, քան երախտագիտության»,- գրել էր նա՝ ավելի ուշ հավելելով, որ Արմավիրի քաղաքապետն իրեն հայտնել է, որ ինքն ու զինկոմիսարիատը գրառումից են տեղեկացել մեդալի մասին և ներողություն խնդրել։