Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արավուսի հովվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությանը, հայտարարել է, որ դա հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:
Այս տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ՝ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ:
ՄԻՊ-ին ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի 18-ին իր տանից մոտ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից մոտ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուսն ընկած տարածքը, իրեն մոտեցել է ադրբեջանցի 3 զինված ծառայող:
Ըստ հովվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրմամբ սպառնացել են իրեն, ապա՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ամբողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովվին:
Այնուհետև, երբ տեսել են, որ հովվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցիներից երրորդը հարվածել է նրա աչքին՝ առաջացնելով կապտուկ, որից հետո անմիջապես հեռացել են իրենց դիրք:
ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցիներն Արավուսի նույն հովվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաև ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում, և սպառնացել հրազենի բացահայտ ցուցադրումով:
ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է նաև միջադեպի վերաբերյալ Արավուսի ղեկավարի ահազանգը ԶԼՄ-ներին:
Հովվի ընտանիքի անդամները, ինչպես նաև գյուղի այն բնակիչները, որոնք շտապել են նրան օգնելու, ՄԻՊ աշխատակազմին տեղեկացրել են նաև, որ նույնպես լսել են ադրբեջանական զինվորականների գոռգոռոցներ, այդ թվում՝ այն, որ ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքից տեղաշարժվել են դեպի հովիվը:
Արավուսի ղեկավարը ՄԻՊ աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում:
«Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին: Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՄԻՊ-ի առաջարկը, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի:
Մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն»,-ասվում է հայտարարության մեջ:
Այս միջադեպի մասին տեղեկությունները ՄԻՊ-ն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում: