27 ապրիլի 2021 - 13:44 AMT
Մելքումյան․ Եթե հաղթենք, կոալիցիայի դեպքում պնդելու ենք՝ Ծառուկյանը լինի ՀՀ ղեկավար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ ընտրացուցակի հարց կուսակցությունում դեռ չի քննարկվում՝ վաղ է, գրում է Aysor.am-ը։

Միևնույն ժամանակ, նա ասել է, որ եթե հաղթեն, կոալիցիա կազմելու դեպքում պնդելուեն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար։

«Ես հավատում եմ, որ մենք անպայման հաղթելու ենք: Հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50 + 1 տոկոս ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար: Երկրում օբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվել, որ այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել»:

Մելքումյանից հետաքրքրվել են՝ կոալիցիա կազմելու դեպքում պնդելո՞ւ են, որ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար: Ի պատասխան՝ նա ասել է, որ եթե հաղթեն, պնդելու են. «Բա հաղթելու դեպքում ո՞վ լինի»:

Մելքումյանը հավելել է նաև, որ ԲՀԿ-ն ընտրություններին միայնակ է գնալու։ Պատգամավորը նաև նշել է, որ կլինեն քաղաքական համախմբումներ, բայց հիմա իրենք չեն խոսում, որովհետև չգիտեն, թե ովքեր ինչպես են մասնակցելու:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։