Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարևորելով միջազգային ակտիվությունը հայ գերիների վերադարձի հարցում, կառավարության նիստում հայտարարել է, որ դա լավատեսություն է ներշնչում, որ այս հարցում կլինեն կոնկրետ արդյունքներ։
Նա նշել է, որ Ադրբեջանը գերիներին վերադարձնելու իր ստանձնած պարտավորությունները չի կատարում, ինչը դառնում է միջազգային օրակարգի հարց։ Նա հիշատակել է Եվրամիության հայտարարութունը, որտեղ հասցեական ասվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքից։
Փաշինյանը կարևորել է նաև հղումը ՄԻԵԴ-ի գործընթացներին, ինչն իրավական կոմպոնենտ է ավելացնում:
«Պետք է լինել համախմբված, համբերատար և հետևողական, այս հարցը միանշանակ դրական լուծում պիտի ստանա», - հայտարարել է Փաշինյանը:
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին։
«Կոմիտեն վերստին նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը»,-ասվում է հայտարարության մեջ: