12 մարտի 2009 - 15:02 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հայ-ֆրանսիական հարաբերությունները բարեկամական գործընկերության օրինակ են
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սենատում` Լյուքսեմբուրգյան պալատում հանդիպեց Ֆրանսիական Հանրապետության Սենատի ֆրանս-հայկական բարեկամական խմբի անդամների հետ: Նախարար Նալբանդյանի եւ ֆրանսիացի սենատորների զրույցի ժամանակ կարեւորվեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի եւ խորհրդարանների ղեկավարության շփումներն ու փոխայցելությունները: Քննարկվեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայկական եւ ֆրանսիական պատվիրակությունների համագործակցության սերտացման հետ կապված հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Ազգային ժողով, ուր հանդիպում ունեցավ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանն անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտությանը` որպես Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համակողմանի փոխգործակցության խորացման արդյունավետ ձեւաչափ:

Պատգամավորական խմբի անդամների հետ հանդիպումից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ ունեցավ Ֆրանսիայի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ: Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարեւորելով հայ-ֆրանսիական հարաբերությունները` դրանք բնորոշեց որպես բարեկամական գործընկերության օրինակ: ՀՀ արտգործնախարարն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ծավալվող համագործակցությանը` ընդգծելով, որ Եվրոպական հարեւանության քաղաքականություն ծրագիրն ու ԵՄ Արեւելյան գործընկերության առաջարկը փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ են ընձեռում: Նախարար Նալբանդյանը մանրամասն ներկայացրեց նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունությանն ամրապնդմանն ուղղված Հայաստանի քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: