6 մայիսի 2021 - 13:11 AMT
Լատվիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին ֆեյսբության իր էջում տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Կողմ է քվեարկել Սաեյմայի 100 պատգամավորից 58-ը։

«Այն, ինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ամբողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին»,- ասվում է գրառման մեջ։

Դեսպանը հիշեցրել է, որ դեռևս 2020 թ․ ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժ, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։

«Խոնարհվում եմ Լատվիայի խորհդարանի բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների առջև, ովքեր քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցին Լատվիայում հանգուցալուծում տալու օգտին»,- ասվում է գրառման մեջ։

Դեսպանը նաև հրապարակել է Օսմանյան կայսրության ժամանաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Լատվիայի Սաեյմայի հայտարարությունը։

«Լատվիայի Հանրապետության Սաեյման

նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով,

հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն,

ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով,

ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովուրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ,

դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,

հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին,

հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ,

կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին և նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»,-ասվում է հայտարարության մեջ։