6 մայիսի 2021 - 14:11 AMT
Այվազյան․ Կարևորագույն հարցն Ադրբեջանի կողմից բոլոր գերիների վերադարձն է

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը կարևորել է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը:

Նա նշել է, որ կարևորագույն հարցն Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղանձանց վերադարձի ապահովումն է:

«Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը:

Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը»,-ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Այվազյանը նշել է նաև, որ կարծիքներ կփոխանակվեն հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով՝ կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ:

«Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում:

Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ: Լինելով միջպետական համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար»,-ասել է նա:

Լավորվի այցը ՀՀ մեկնարկել է մայիսի 5-ի երեկոյան։ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մայիսի 6-ին տեղի են ունեցել Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բանակցությունները։