7 մայիսի 2021 - 12:05 AMT
Կանադան հորդորել է ազատել Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայերին՝ ողջունելով 3-ի ազատ արձակումը

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը և հորդորել ազատել բոլոր պահվող անձանց։ Այդ մասին ասվում է Կանադայի կառավարության Twitter-ի միկրոբլոգում։

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը, ինչն առանցքային քայլ է ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման ճանապարհին։ Կանադան շարունակում է հորդորել ազատել բոլոր պահվող անձանց»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։