7 մայիսի 2021 - 10:54 AMT
Սեֆիլյան․ Եթե ժողովուրդն աջակցեց, մայիսի 10-ին կփորձենք պարտադրել ժողովրդի թեկնածուին

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, նշելով, որ մինչ երկրի ներսում չեն ստեղծվել ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ շուտափույթ ընտրությունները խորացնելու է քաոսային վիճակը, հայտարարել է, որ եթե ժողովուրդն աջակցեց, մայիսի 10-ին համարժեք ճնշումով կփորձեն պարտադրել ժողովրդի թեկնածուին։

Անդրադառնալով մայիսի 7-ին կայանալիք իրենց հավաքին, նա ասել է, որ այն կարող է բեկումնային լինել և ժողովրդի ներկայությունն է կարևոր, քանի որ իրենք առանց ժողովրդի աջակցության ոչ մի քաղաքական գործընթաց առաջ տանել չեն կարող, տեղեկացնում է «Ա1+»-ը։

Նա ասել է, որ եթե սպասվելիք հանրահավաքին մարդկանց ներկայությունը բավական համարեն՝ գոնե լեցուն լինի Ազատության հրապարակը, ապա պատրաստ են առաջարկել վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Մինչ մայիսի 7-ը նաև քայլեր են սպասում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից՝ Նիկոլ Փաշինյանից ազատվելու ուղղությամբ։

«Ոչ թե շուտափույթ ընտրությունների պետք է պատրաստվել ու գնալ, այլ օր առաջ ազատվել, նրա բառերով, երկրի գլխին պատուհաս դարձած Նիկոլ Փաշինյանից։ Մինչև այն պահը, երբ երկրի ներսում չեն ստեղծվել ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ, ապա այսպիսի շուտափույթ ընտրությունները ոչ մի օգուտ չեն բերելու», - ասել է Սեֆիլյանը։ Ավելին, ըստ նրա, դա խորացնելու է քաոսային վիճակը։

«Եթե ոչ, ստիպված ենք այդ նախաձեռնությունը վերցնել մեզ վրա և եթե ժողովուրդը աջակցեց մեզ, մայիսի 10-ին, համարժեք ճնշում գործադրելով, կփորձենք պարտադրել ժողովրդի թեկնածուին։ Եթե երեք տարի առաջ՝ 18 թվականի փոփոխություններից հետո գործող իշխանությունները մեր փոփոխությունների 20%-ը լսած լինեին, մենք 44-օրյա պատերազմը հնարավոր է կանխած լինեինք, եթե կանխած չլինեինք, մենք այսօր հաղթած կլինեինք», - ասել է Սեֆիլյանը։

Հարցին, եթե, ամեն դեպքում, ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարի ընտրությունների մասին, Ազգային ժողովրդավարական բևեռն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու և մասնակցելո՞ւ է ընտրություններին՝ նա պատասխանել է, որ իրենց պայքարն ազատագրական և դիմադրական է ու իրենց պայքարում պատրաստ են բոլոր սցենարներին։ Երբ օրը գա, իրենք կքննարկեն բոլոր հարցերն ու կհրապարակեն։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի: Մայիսի 3-ին ԱԺ-ն առաջին անգամ չընտեց վարչապետ։ Հաջորդ ընտրությունը կայանալու է մայիսի 10-ին։

Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, եթե ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձեն երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել, ապա կա պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։