7 մայիսի 2021 - 14:04 AMT
Սահմանապահների նախկին հրամանատար․ ՌԴ-ն կարող է միջնորդել Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների հետ այսօր անհնար է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարել՝ հաշվի առնելով երկու երկրի հարաբերությունները։

Սակայն, նրա խոսքով, հնարավոր է այդ աշխատանքները կատարել, եթե ինչ-որ միջնորդ պետություն լինի։

«Կարելի է Ռուսաստանին խնդրել, որ միջնորդ լինեն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում»,- ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

«ՌԴ-ն հանդիսացել է միջնորդ պատերազմի դադարեցման համար, կարելի է Ռուսաստանին խնդրել, որ իրենք լինեն միջնորդ սահմանների ճշգրտման հարցում։ Ուրիշ հնարավորություններ չկան», - հավելել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ սահմանագծման և սահմանազատման հետ կապված հիմնական աշխատանքը պետք է կատարի արտաքին գործերի նախարարությունը և գեոդեզիայի ինստիտուտը։

«Դա շատ ծանր աշխատանք է, օրինակ, Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները սկսվել են 1996 թվականից և մինչև հիմա ավարտված չեն։ Երբ հայտարարում են, թե Սյունիքի մարզում կատարվում են դեմարկացիոն աշխատանքներ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է», - ասել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ եթե ուզում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարել և սահմանին լարվածությունը թուլանա, միակ ելքը միջնորդավորված աշխատանքն է։

Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո սահմանագծման և սահմանազատման խնդիրներ են առաջացել մասնավորապես Սյունիքում։ Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։