8 մայիսի 2021 - 10:52 AMT
Ալբերտ Հովհաննիսյանի հայր․ Ողջունում ենք հուշակոթողի գաղափարը և դեմ չենք այլ կերպար ընտրելուն

Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ալբերտի հավաքական կերպարով հուշարձանի գաղափարին և դրա հետ կապված շահարկումներին, հայտնել է, որ իր ընտանիքը աջակցում է «հուշակոթողի գաղափարին և դեմ չի արտահայտվի այլ կերպար ընտրելու որոշմանը»։

«Չբարձրաձայնել այլևս չի ստացվում. թվում էր, թե արցախյան երեք հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու գաղափարը ոգևորությամբ էր ընդունվել բոլորի կողմից, սակայն, որոշ շրջանակներում անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեց որդուս' Ալբերտի հավաքական կերպարի ընտրությունը' որպես այդ եռակոթողում արցախյան երրորդ պատերազմը մարմնավորող անձ։

Այն որակավորվեց որպես կողմնակալ վերաբերմունք, մեղադրական և չարամիտ խոսակցություններ հասցեագրվեցին ինձ, գրավոր բողոքներեր ուղղվեցին համապատասխան կառույցներ։ Նախորդ օրերին էլ հերոսածին մի խումբ մայրեր, իրենց ակնհայտ անհամաձայնությամբ քննարկումներ ծավալեցին ինձ հետ' հուշակոթողում Ալբերտի կերպարի ընտրությունը կրկին անգամ վիճարկելով։ Ու Ալբերտի մայրը, ով երբեք չէր միջամտում այս գործընթացներին, խնդրահարույց այս հանգամանքներում գուցե էմոցիոնալ որոշում է կայացրել, բայց խիստ դեմ է Ալբերտին այդ հուշարձանում ներառելուն։

Հավատացեք, իմ ու ձեր տղաները, կնախընտրեին իրենց նորաթուխ կյանքում նոր ծիլ տված երազանքները հանուն հայրենիքի ծառայեցնել ողջերի շարքում, իրենց ընտանիքների կողքին, իսկ այս լուսանկարի պատմությունը, հերոսացումը, կորստի ցավը երբեք չի էլ սփոփելու։ Բայց, մրցակցության վերածված դժգոհությունների այս քաոսում ամեն անգամ շահարկելով որդուս անունը, կոտրվում է մի բան, որը կոտրվելու տեղ ախր էլ չունի»,-ասվում է գրառման մեջ։

Հովհաննիսյանը ներողություն է խնդրել նախաձեռնության հեղինակ Էդո Խուդոյանից, ով նախապես ստացել էր իր համաձայնությունը։

«Նշեմ, որ իմ ընտանիքը լիովին ողջունում և աջակցում է հուշակոթողի կառուցման գաղափարը եւ դեմ չի արտահայտվի այլ կերպար ընտրելու որոշմանը»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհված զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։ Մարտի դաշտում արված նրա լուսանկարը դարձել էր պատերազմի խորհրդանիշներից մեկը և լայն տարածում ստացել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մամուլում։