8 մայիսի 2021 - 12:03 AMT
Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսել

Սաուդյան Արաբիան պաշտոնապես հաստատել է, որ բանակցություններ է սկսել Իրանի հետ։ Երկրները խզել էին հարաբերությունները 5 տարի առաջ։

Երկու երկրի միջև բազմամյա պայքար է գնում տարածաշրջանում առաջատարի դիրքի համար։

Սաուդյան Արաբիայում ասել են, որ հանդիպումը միտված էր լարվածության նվազեցմանը, բայց միանգամից զգուշացրել, որ «դեռ չափազանց վաղ է վերջնական եզրակացություններ անելու համար»։

Այդ հստակեցումը, հավանաբար, վերաբերում էր մամուլում հայտնված այն ենթադրություններին, որ շուտով կարելի է ակնկալել երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, գրում է BBC-ն։

Բանակցություններում որպես միջնորդ էր հանդես եկել Իրաքը, այդ երկու երկրի բարդ հարաբերությունների պատմության մեջ ոչ առաջին անգամ։ Հանդիպումը տեղի է ունեցել Բաղդադում։

Ըստ Financial Times-ի աղբյուրների` քննարկումների ժամանակ խոսք է գնացել «Անսար Ալլահ» շարժման մասին, որը բաղկացած է շիա հուսիթների ցեղից և որին սատարում է Թեհրանը։

Ակնկալվում է, որ բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա առաջիկայում։

Photo. AFP