8 մայիսի 2021 - 13:22 AMT
ՌԴ-ում գրանցել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը

ՌԴ-ում գրանցել են միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որն իրենից ներկայացնում է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչը։

«Սպուտնիկ Լայթը» մեկ ներարկման միջոցով կրճատում է հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը։ Միաբաղադրիչ սխեման թույլ է տալիս սեղմ ժամկետում ապահովել մեծ քանակի մարդկանց պատվաստում, ինչը հատկապես կարևոր է հիվանդության տարածման նոր փուլում, և ավելի արագ հասնել պոպուլյացիոն իմունիտետի»,-ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը, գրում է «Վեդոմոստին»։

«Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը պատվաստումից 28 օր անց կազմում 79.4%։

«Սպուտնիկ V»-ն մշակած Գամալեի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրը նշել է, որ «Սպուտնիկ Լայթը» հարմար է արդեն իսկ կորոնավիրուս տարած մարդկանց համար։ Դեղամիջոցը կարելի է կիրառել ինչպես սկզբնական պատվաստման, այնպես էլ երկրորդ պատվաստման համար՝ այլ պատվաստանյութերի հետ համադրմամբ արդյունավետության բարձրացման համար։

Մայիսի 5-ի դրությամբ աշխարհում արդեն մոտ 20 մլն մարդ ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Ընդհանուր առմամբ պատվաստանյութը գրանցված է ավելի քան 60 երկրում, այդ թվում Հայաստանում։