8 մայիսի 2021 - 15:55 AMT
ԱՀԿ-ն հավանություն է տվել չինական Sinopharm պատվաստանյութին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն է տվել չինական Sinopharm պատվաստանյութին կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսը։

«Այսօր ԱՀԿ-ն շտապ կիրառման պատվաստանյութերի ցանկում է ընդգրկել չինական Sinopharm պատվաստանյութը, որը 6-րդ պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ, որը հավաստագիր է ստանում կազմակերպությունից՝ անվտանգության, արդյունավետության և որակի առումով»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, դա թույլ կտա ընդլայնել այն դեղամիջոցների ցանկը, որոնք կորոնավիրուսի դեմ տարածվում են COVAX հարթակի միջոցով։

Մինչ օրս ԱՀԿ ցուցակում կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման 5 դեղամիջոց կար՝ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների Comirnaty պատվաստանյութը, Johnson & Johnson-ի մասնաճյուղ հանդիսացող Janssen ընկերության միջոցը, ամերիկյան Moderna-ի պատվաստանյութը, ինչպես նաև բրիտանա-շվեդական AstraZeneca երկու տարատեսակը և Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութը։