8 մայիսի 2021 - 15:50 AMT
Աջափնյակում կենսունակ խոշոր ծառեր են հատել

Մայիսի 7-ի երեկոյան Մարգարյան փողոցում (Աջափնյակ) 4 կենսունակ խոշոր ծառ են հատել համայնքային տարածքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել։ Որոշ մարդիկ, կոպտորեն խախտելով օրինականության և մարդկային պարկեշտության մասին պատկերացումները, կենսունակ խոշոր ծառեր են հատել համայնքային տարածքում

Օրինազանցները ենթադրաբար նպատակ են ունեցել զավթել տարածքը՝ հետագայում դրա վրա ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Դեպքը արձանագրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողները։ Այս վրդովեցուցիչ արարքին համարժեք իրավական գնահատական կտան իրավապահ մարմինները»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու տարածքի բնական վիճակի վերականգնման հարցում։ Մասնավորապես, արդեն հանձնարարվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ սեղմ ժամկետներում վերստին կանաչապատել և բարեկարգել հանրային տարածքը։

«Հակահասարակական նման վարքագիծ դրսևորողները որևէ արդարացում կամ ներողամտություն չեն կարող ակնկալել քաղաքային իշխանությունից»,-ասվում է գրառման մեջ;