Մայիսի լույս 11-ի գիշերը մոտ 200 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։
Ըստ զինվորականների տվյալների՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը չեզոքացրել է «տասնյակ այդպիսի հրթիռներ», գրում է ՌԲԿ-ն։
Ի պատասխան իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի մոտ 130 թիրախի։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ պատասխան հարվածից զոհվել է պաղեստինյան խմբավորման 15 անդամ, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։
Մայիսի 10-ին Իսրայելը հերթական հարվածն էր հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան հրթիռակոծման, որից հետո Պաղեստինը հայտարարեց 21 զոհի և 75 տուժածի մասին։
Հրթիռակոծումներն իրականացվում են Արևելյան Երուսաղեմում լարվածության աճին զուգահեռ, որտեղ բախումներ են ընթանում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև։ Մայիսի 7-ին Տաճարի լեռան վրա և Շեյխ Ջարրահ թաղամասում, ըստ Իսրայելի դատարանի որոշման, իրականացվում էր պաղեստինցի արաբների մի քանի ընտանիքի արտաբնակեցում։ Այդ կապակցությամբ բախումներ և բողոքներ սկսվեցին։