Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանում ընտրությունների անցկացման միջոցառումների վերաբերյալ: Հանրապետությունում քվերակությունը տեղի կունենա հունիսի 20-ին, կմեկնարկի ժամը 8.00-ից: Էլեկտրոնային եղանակով քվերակությունն էլ կընթանա հունիսի 11-ից 13-ը:
ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կանցկացվի հունիսի 7-18-ը՝ մինչև ժամը 24.00-ն: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև մայիսի 26-ը, կուսակցությունների, դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն: Կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված ժամկետը մայիսի 26-ից մինչև 30-ն է:
Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում փակցվելու են մայիսի 31-ին:
Թեկնածուները, կուսակցությունները կամ դաշինքների անդամ կուսակցություներն ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 18.00-ն:
Մայիսի 10-ին ԱԺ-ն երկրորդ անգամ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է 2021 թվականի հունիսի 20-ին: