Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է մայիսի 12-ի վաղ առավոտից Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը:
Պաշտպանը հատուկ արձանագրել է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։
«Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը:
Նշվածի հետ միասին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
Նշվում է, որ ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Ազգային անվտանգության ծառայությունը, անդրադառնալով Սյունիքում ընթացող մարտերի մասին հրապարակումներին, խստորեն զգուշացնում է, որ ապատեղեկատվության տարածումն իրավական հետևանքներ է ունենալու։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։