ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ տեղեկացնելով նրան Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին։
Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը, տեղեկացնում է ԱԳՆ-ն։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։