13 մայիսի 2021 - 18:02 AMT
ՀԱՊԿ-ը հետևում է զարգացումներին Սյունիքում․ Անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ելույթից հետո, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում։ Ըստ իրավիճակի զարգացման, անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ կանոնադրությամբ և Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով նախատեսված գործողություններ կձեռնարկվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը։

«Ըստ հայկական կողմի, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետրով խորացել դեպի հայկական տարածք»,-ասվում է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ։

Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի սադրանքն ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։