14 մայիսի 2021 - 11:00 AMT
Մենենդես․ ԱՄՆ-ն պետք է վճռականորեն արձագանքի ներխուժմանը, որ Բաքուն հասկանա՝ իր գործողությունները հետևանքներ կունենան

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն, անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա։

«Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն ագրեսիայի վտանգավոր և անօրինական դրսևորում է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ, երբ 2020-ի աշնանն Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ միջամտել։

«Սա այլևս չի կարող կրկնվել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին լուծել այս հարցն ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասկանալի լինի, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անթույլատրելի են»,- նշել է նա:

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը նույնպես ասել էին, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար։