14 մայիսի 2021 - 13:52 AMT
ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են Սյունիքում խնդրի լուծման հնարավոր տարբերակները

Կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը, որի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Կողմերը փոխանակել են մտքեր և քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները:

Հեռախոսազրույցի սկզբում Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծել է, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ ՀՀ համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:

Իր խոսքում Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը, տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։

Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև ՀԱՊԿ շրջանակում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:

Իր հերթին Պատրուշևը բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույտ լուծման համար:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ դիմելու համար։