12 մարտի 2009 - 21:40 AMT
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ի համատեղ օգտագործման վերաբերյալ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ի համատեղ օգտագործման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Պետդումայի Միջազգային գործերի փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին: «Չի բացառվում, որ Գաբալայի ՌԼԿ-ի հարցում նախագահներ Օբաման ու Մեդվեդեւը համաձայնության գան, ինչը միմյանց ընդառաջ գնալու առաջին քայլը կլինի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ»,-ասել է Սլուցկին:

Նրա կարծիքով, Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործումն առավել տրամաբանական է ռազմատեխնիկական տեսակետից, քան ամերիկյան ՀՀՊ-ի ծավալումն Արեւելյան Եվրոպայում: Պատգամավորը չի բացառել, որ ԱՄՆ-ն այժմ դիտարկում է նման հնարավորությունը եւ հիշեցրել է, որ Ադրբեջանը Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործման վերաբերյալ արդեն իսկ իր համաձայնությունը տվել է: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ՀՀՊ-ի ծավալումը Եվրոպայում «այնքան էլ խելամիտ չէ», նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մոսկվան առաջարկել է օգտագործել Գաբալայում եւ Արմավիրում գտնվող ռուսական ՌԼԿ-ները` Լեհաստանում ամերիկյան հարվածային ուժերի եւ Չեխիայում ՌԼԿ-ի տեղակայման փոխարեն: ԱՄՆ-ն մտադիր է ՀՀՊ-ն տեղակայել Եվրոպայում 2013 թվականին` Իրանի կողմից հնարավոր հրթիռային սպառնալիքից պաշտպանվելու պատրվակով: