Սյունիք ներխուժած ադրբեջանցիների հետ քաշվելու թեմայով Սյունիքում մեկնարկած բանակցությունները համակարգում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Այդ մասին տեղեկացրել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը, գրում է Սպուտնիկ Արմենիան։
«Բանակցությունները սկսել են արդեն ժամը 3-ից։ Այն կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,–ասել է Հովսեփյանը։
Նա հայտնել է նաև, որ մարզի բնակչությունը մարտական է տրամադրված` պատրաստ պաշտպանելու իրենց հողերը։
Հովսեփյանը հիշեցրել է, որ մայիսի 14-ին ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի մաս են առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուստամ Մուրադովը ևս 6 ամիս կղեկավարի խաղաղապահ զորախումբը։
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։