17 մայիսի 2021 - 11:21 AMT
Այվազյանը և Լը Դրիանը քննարկել են ՀՀ սահմանամերձ մարզերում լարվածության նվազեցման քայլերը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը:

Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այս ուղղությամբ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ադրբեջանցիների հետ բանակցություններ են ընթանում։