17 մայիսի 2021 - 11:42 AMT
Իսպանացի սենատոր․ Պիտի ավարտվի հարձակումը, որին սեպտեմբերից ենթարկվում է հայ ժողովուրդը

Իսպանացի սենատոր Գորկա Էլեխաբառիետա Դիասը, թվիթերյան իր միկրոբոլգում անդարադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, նշել է, որ հարձակումը, որին սեպտեմբերից ենթարկվում է հայ ժողովուրդը, պետք է ավարտվի։

Նրա խոսքերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Անհանգստությամբ ենք հետևում, թե ինչպես են ադրբեջանական զորքերը մտել ՀՀ Սյունիքի մարզի տարածք։ Հարձակումը, որին սեպտեմբեր ամսվանից ենթարկվում է հայ ժողովուրդը, պետք է ավարտվի։ Պահանջում ենք հարգել միջազգային իրավունքը՝ այդ տարածքում կայունությունը վերականգնելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ադրբեջանցիների հետ բանակցություններ են ընթանում։