17 մայիսի 2021 - 12:12 AMT
Դեսպան. ՀՀ-ն ակնկալում է Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հետ հանդիպմանը տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների մասին:

Նախարար Էսլամին հայտնել է ԻԻՀ ղեկավարության պատրաստակամությունը վերը նշված կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որը, ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը:

Դեսպան Թումանյանն ընդգծել է հյուսիս-հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրավված բոլոր երկրների շահերից և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված նկրտումները սանձող լավագույն հակազդեցության միջոց է:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ադրբեջանցիների հետ բանակցություններ են ընթանում։