17 մայիսի 2021 - 12:27 AMT
Փաշինյան․ Սահմանի որոշ հատվածներում լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում կա

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մայիսի 17-ի առավոտյան ԱԽ նիստում։ Ելույթը Փաշինյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանն էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»,-ասել է նա:

Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ բանակցություններն ադրբեջանցիների հետ շարունակվելու են մայիսի 19-ին։ Նա նշել է, որ դրանք ընթանում են մեկ հարցի շուրջ՝ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ տարածքից։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ադրբեջանցիների հետ բանակցություններ են ընթացե, որոնք ավարտվել են, բայց արդյունքների մասին ոչինչ չի հայտարարվել։