17 մայիսի 2021 - 13:04 AMT
Փաշինյան․ ՀՀ-ն երբեք «Զանգեզուրի միջանցքի» հարց չի քննարկել և չի քննարկելու

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրի միջանցքի» թեզին և հայտարարել, որ ՀՀ-ն երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմի այդ թեզը շրջանառում են նաև որոշ քաղաքական շրջանակներ։

«Հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ․․․ Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք, եղել են հրապարակային և արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա հավելել է նաև, որ կոմունիկացիների բացումը ՀՀ իշխանության քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կապ չի կարող ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ։ Ըստ նրա, այդ թեզը քարոզում է ինչպես Ադրբեջանը, այնպես էլ ՀՀ որոշ քաղաքական շրջանակներ։

Փաշինյանը նաև ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը նաև ռազմական աջակցություն է խնդրել ՌԴ նախագահից։