17 մայիսի 2021 - 13:54 AMT
Սոցապ նախկին նախարարները «Ապրելու Արցախ» հիմնադրամ կստեղծեն

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, սոցապ նախկին նախարար, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և սոցապ հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել են «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Թանդիլյանը։

Նա նշել է, որ արցախյան պատերազմից հետո Արցախի նկատմամբ հոգածությունը և այն հզորացնելու հանձնառությունը պետք է դառնա համայն հայության կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախը նորովի ապրեցնելու համար:

«Պատերազմի ողբերգական հետևանքները, մարդկային կորուստները անվերականգնելի են, սակայն մենք պարտավոր ենք ապրեցնել Արցախը նաև հանուն իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի:

Արցախի և արցախցու մասին խոսում են բոլորը, երբեմն գալիս Արցախ՝ նկարվելու, մինչդեռ անցյալի ու ներկայի հավերժ բանավեճի մեջ, մենք կորցնում ենք ապագան՝ այն նորից վերածելով ներկայի ու անցյալի միջև կործանիչ առճակատման շրջապտույտի:

Առանց ապրող Արցախի, ապրող արցախցու, քաղաքական տեքստերը չունեն որևէ արժեք: Ընդ որում, Արցախն ապրեցնելու համար պետք է նվիրում, ոչ թե պաշտոն կամ կարգավիճակ»,-ասվում է գրառման մեջ:

Թանդիլյանը նշել է, որ Արցախն այսօր ապրում է՝ ի հեճուկս շատերի:

«Արցախցին ապրում է` իր երեխայի որակյալ կրթության սպասումով, ավելի լավ աշխատանքի ձգտումով, ավելի ուժեղ Արցախ ունենալու երազանքով: Մենք այդ նպատակների ու երազանքների կողքին ենք՝ անկախ մեր ներկայի ու ապագայի կարգավիճակների:

Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը, որի նպատակը բացառապես լինելու է Արցախում տնտեսական զարգացման, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ հանուն Ապրելու Արցախի:

Մենք հավատում ենք, որ բազմաթիվ նվիրյալներ կմիանան մեր նախաձեռությանը՝ Արցախը դարձնելով իրենց ապրելու մի փոքր, բայց կարևոր մասը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախաձեռնության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։