17 մայիսի 2021 - 14:58 AMT
Պեսկով․ Ջանում ենք ՀՀ և Ադրբեջանի սահմանին լարվածության լիցքաթափման համար

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ, ջանքեր են գործադրվում ՀՀ և Ադրբեջանի սահմանին լարվածության լիցքաթափման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարման կողմնակից է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նամակ է գրել Պուտինին ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի պատճառով՝ օգնության, այդ թվում՝ ռազմական աջակցության խնդրանքով։

«Այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածության լիցքաթափման և իրավիճակի շտկման ուղղությամբ»,- ասել է Պեսկովը։

Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը ստացել է Փաշինյանի նամակը։

«Ես ճշգրիտ չե կարող ասել, բայց բոլոր այդ հարցերը, անշուշտ, քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ»,- ասել է Պեսկովը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:

Photo. TASS