17 մայիսի 2021 - 15:54 AMT
Փաշինյան․ Ադրբեջանցիների հետ բանակցությունները շարունակվելու են մայիսի 19-ին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, հայտնել է, որ ադրբեջանցիների հետ բանակցությունները շարունակվելու են մայիսի 19-ին։

Նա նշել է, որ բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան ՀՀ տարածքից:

«Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում ՀՀ ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար։

Փաշինյանը հավելել է, որ եթե քաղաքական միջոցներով հնարավոր չլինի հասնել խնդրի լուծման, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները:

«Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»,-ասել է նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր հերթին ասել է, որ մայիսի 16-ի բանակցությունների փուլը բավական արդյունավետ է ավարտվել՝ հավելելով, որ չի ցանկանում մանրամասն ներկայացնել, թե արդյունավետությունն ինչում է կայանում, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ բանակցությունները շարունակվելու են, դեռևս խնդիր կա, և այդ խնդիրների լուծման ուղղությունը պատգամավորի խոսքով բանակցությունների մեջ է։

«Կարծում եմ՝ ՊՆ-ն շուտով տեղեկատվություն կտրամադրի այդ մասին։ Դետալները չպարզաբանելով՝ կոչ եմ անում բոլոր ներկա և նախկին պաշտոնյաներին, զինվորականներին իրենց հայտնի տեղեկությունները չհրապարակել, եթե անգամ վստահ են, որ դրանք ճիշտ են։ Այս պահի դրությամբ չի կարելի այս բանակցային պրոցեսի մեջ տեղեկություններ տարածել, որոնք կարող են 180 աստիճանով փոխել ամեն ինչի ելքը։ Հորդորում եմ ձեռնպահ մնալ տեղեկատվություն տրամադրելուց, հատկապես որ դրանց մի մասը կեղծ է»,-ասել է պատգամավորը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը նաև ռազմական աջակցություն է խնդրել ՌԴ նախագահից։