17 մայիսի 2021 - 15:41 AMT
Փաշինյանը Ղրղզստանի նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը նաև ռազմական աջակցություն է խնդրել ՌԴ նախագահից։