17 մայիսի 2021 - 17:45 AMT
Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Սյունիքում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը՝ Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը հղումով։

Երկու երկրի ղեկավարները քննարկել են նաև Բելառուսում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, կարծիքներ փոխանակել օրակարագի ակտուալ հարցերի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ։

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այն կայանալու է մայիսի 19-ին՝ Դուշանբեում։