17 մայիսի 2021 - 18:37 AMT
Հարությունյանը քննարկումներ է ունեցել Շոյգուի և ՌԴ Սահմանապահ ծառայության տնօրենի հետ

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն քննարկել են երկկողմ համագործակցությունը և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Քննարկվել է նաև իրավիճակը տարածաշրջանում և շրջաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հեռախոսազրույցի այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Մայիսի 17-ին կայացել է նաև Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, տեղեկացնւմ է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը նաև ռազմական աջակցություն է խնդրել ՌԴ նախագահից։

Photo. Ria Novosti