17 մայիսի 2021 - 19:16 AMT
Սպերցյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքական

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խորվաթիայի հետ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 1-ին, իսկ Շվեդիայի հետ՝ հունիսի 5-ին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի մայիսի 28-ից հունիսի 5-ը, որի շրջանակում երկու ընկերական հանդիպում կունենա Խորվաթիայի և Շվեդիայի հետ։

«Հավաքին և ընկերական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը Խոակին Կապարոսի գլխավորությամբ հրավիրել է «Կրասնոդար -2» -ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ

20-ամյա Էդուարդ Սպերցյանը հանդես է գալիս «Կրասնոդարի» երկրորդ թիմում 2018-ից։ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականում իր առաջին խաղում՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Ռումինիայի հետ հանդիպմանը։