18 մայիսի 2021 - 10:27 AMT
Բայդենի խորհրդականը սադրիչ է որակել ՀՀ սահմանից ներս ադրբեջանցիների գործողությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջինիս նախաձեռնությամբ հեռախոսազրույցում անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերելու իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:

Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։