18 մայիսի 2021 - 11:27 AMT
Երևանն ու Բաքուն հայտարարել են սահմանների ճշտմանը համաձայն լինելու մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստատեսության եթերում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սահմանազատմանն օգնելու մասին հայտարարությանը, ասել է, որ հայկական կողմը պատրաստ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների հստակեցման աշխատանքները։

Լավրովը, անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում։ Նա հավելել էր նաև, որ էմոցիաները բորբոքելու առիթ չի տեսնում։

Նա նշել է, որ հասկանալի պատճառներով 30 տարի նման աշխատանք չի իրականացվել։

Ըստ Գրիգորյանի` աշխատանքները պետք է իրականացվեն եռակողմ ձևաչափով՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի մասնակցությամբ։

Նա շեշտել է նաև, որ Ադրբեջանն ամբողջության չի կատարել ելման դիրքեր վերադառնալու մասին պայմանավորվածությունը, և, որ ըստ հայկական և ռուսական կողմերի մոտ առկա քարտեզների, բոլոր այդ տարածքները պատկանում են ՀՀ-ին։

Ադրբեջանը ևս կողմ է արտահայտվել սահմանազատման աշխատանքներ սկսելու հարցում։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում սադրիչ էր որակել Ադրբեջանի գործողությունները, հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Սալիվանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և ՀՀ սահմանին լարվածության կապակցությամբ և կարևորել նման տարաձայնությունների խաղաղ հանգուցալուծումը։ Նա նաև կարևորել է սահմանազատման կառուցողական քննարկման անհրաժեշտությունը։

Ալիևը համակարծիք է եղել Սալիվանի հետ սահմանազատման աշխատանքների մեկնարկի անհրաժեշտութան հարցում և կարևորել է, որ այն ընթանա ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,-գրում է Haqqin.az-ը՝ Ալիևի մամուլի ծառայության վրա հղումով։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։