18 մայիսի 2021 - 12:07 AMT
Ոստիկանությունը պարզաբանել է՝ ինչու էր բերման ենթարկվել Խոսրով Հարությունյանը

Ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու էր բերման ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Նշվում է, որ նա և ևս մեկ անձ մայիսի 17-ին բերման են ենթարկվել Ազատության հրապարակից ծեծի կասկածանքով։

Հարությունյանն ավելի ուշ ազատ է արձակվել։

Դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։

Հարությունյանի պաշտպան Դավիթ Ավագյանը, անդրադառնալով միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ազատության հրապարակում քաղաքացու կողմից տեղի էր ունեցել «ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին»։

Ըստ նրա՝ Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է Հարությունյանին։

«Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև վերջինիս»,-ասվում է գրառման մեջ։