18 մայիսի 2021 - 14:08 AMT
ՊՆ․ Հայկական ԶՈւ-ն կանխում է ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը

Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել, ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։

Նշվում է, որ թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին։

«ՀՀ զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։ Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել ՀՀ տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։