18 մայիսի 2021 - 17:20 AMT
ԱԱԽ քարտուղար․ Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, թե Ադրբեջանը հաղթել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հայ հասարակության մեջ փորձել են սերմանել, թե Ադրբեջանը հաղթել է։

Նա հավելել է, որ եթե Ադրբեջանը հաղթեր, իր տարածքում երկու օտար պետության բանակ չէր ունենա։

Խոսելով սահմանային վերջին իրադարձությունների մասին՝ Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանն այս սադրանքներով փորձում է ցույց տալ, որ այնքան էլ գոհ չէ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից։

«Մեզ մոտ փորձել են սերմանել, որ Ադրբեջանն ամբողջովին հաղթած է դուրս եկել, բայց, իմ գնահատմամբ, Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում է հայտնվել»,- ասել է ԱԱԽ քարտուղարը։

Պատասխանելով հարցին, թե ում համեմատ է Ադրբեջանն ավելի ծանր վիճակում հայտնվել՝ Գրիգորյանն ասել է, որ նկատի ունի այդ երկրի վիճակը մինչև 2020-ի սեպտեմբեր։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սահմանազատմանն օգնելու մասին հայտարարությանը՝ Գրիգորյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների հստակեցման աշխատանքները։