20 մայիսի 2021 - 12:37 AMT
Եվրախորհրդարանն առաջարկել է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրախորհրդարանն առաջարկել է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մայիսի 19-ին ընդունված Թուրքիայի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները հասել են պատմական նվազագույն աստիճանի՝ վատթարանալով այնքան, որ դրանք վերաիմաստավորելու կարիք կա։

Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նշվում է, որ Անկարան շարունակում է հեռանալ դաշինքի արժեքներից և նորմերից։ Ըստ եվրապատգամավորների, գրանցվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իշխանության հիպերկենտրոնացում»։

Խորհրդարանականները մտահոգված են նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ, այդ թվում՝ այդ երկրի ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի և Սիրիայի հակամարտություններում, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում, գրում է Deutsche Welle-ն։

Թուրքական կողմն արդեն արձագանքել է զեկույցին՝ անվանելով այն կողմնակալ։ Անկարան սխալ է համարում պնդումները երկրում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ առկա խնդիրների մասին։ Անկարան նշել է, որ անդամակցումը ԵՄ-ին Թուրքիայի ռազմավարական նպատակն է և նրա անդամակցումը օգուտ կբերի ամբողջ Եվրոպային։

ԵՄ-ին Թուրքիայի անդամակացության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2005-ին։

Զեկույցում դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: