20 մայիսի 2021 - 11:14 AMT
Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և որը վերաբերում է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, ընդունվել է։

Զեկույցին կողմ է քվեարկել 480 պատգամավոր, 64-ը՝ դեմ, 150-ը՝ ձեռնպահ մնացել, գրում է ՌԲԿ-ն։

Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987-ին։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել Թուրքիայի «թշնամական արտաքին քաղաքականության» վերաբերյալ:

Ավելի վաղ Բելգիայում ՀՀ դեսպանությունը, ներկայացնելով քննարկման դրված զեկույցը, տեղեկացրել էր, որ Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները:

Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին։

Զեկույցում դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: