20 մայիսի 2021 - 15:32 AMT
ԱԳՆ․ ՀՀ-ից ադրբեջանցիների դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով սահմանզատմանը վերաբերող հնարավոր փաստաթուղթը և դրա ստորագրման գործընթացը, ասել է, որ ՀՀ տարածքից ադրբեջանցի զինծառայողների դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար։

«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար», - ասել է Նաղդալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։