20 մայիսի 2021 - 19:02 AMT
ՄԻԵԴ-ը Բաքվին մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի դեմ մահափորձի մեջ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ։ Այդ մասին Լապշինը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաղթանա՛կ։ Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել իմ դեմ Բաքվի բանտում իրականացված մահափորձի և դաժան կտտանքներ կիրառելու մեջ»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ բլոգերի, Ադրբեջանին պարտավորեցրել են 30,000 եվրո փոխհատուցում վճարել։

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto), որը նաև Իսրայելի քաղաքացի է, 2016-ի դեկտեմբերին ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանում Լապշինին դատապարտեցին 3 տարվա ազատազրկման, որտեղ նա անցկացրեց վեց ամիս։

Իսրայելին արտահանձնվելուց հետո Լապշինը հայտարարեց, որ ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների է ենթարկվել Բաքվի բանտում և պատմեց խեղդամահ անելու միջոցով իր դեմ կատարված մահափորձի մասին։