25 մայիսի 2021 - 16:47 AMT
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում կասեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված՝ կոնգրեսական Դևիդ Վալադաոյի՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցությունը կասեցնելու կոչին։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին շտապ վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումով նախատեսված արգելքի չեղարկումը:

Կոնգրեսական Վալադոն նշել է․ «ԱՄՆ ոչ մի դոլար չպետք է ուղղվի նավթով հարուստ Ադրբեջանի զինմանը, որն էթնիկ զտում է իրականացրել Արցախում, շարունակում է պահել հայ ռազմագերիներին և հիմա էլ տարածք է օկուպացրել ՀՀ-ում։ Եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա Կոնգրեսը պետք է օրենսդրորեն արգելի ռազմական կամ այլ աջակցությունն Ալիևի ռեժիմին»:

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»,- ասվում է կոնգրեսականների նամակում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։