26 մայիսի 2021 - 11:39 AMT
Գրիգորյան․ Զոհ կա, իրավիճակը կարող է հսկողությունից դուրս գալ՝ ՀԱՊԿ-ը պետք է արագանցի գործընթացը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Վերին Շորժայի շրջանում ստեղծված լարվածությանը և կրակոցից հայ զինծառայողի զոհվելու փաստին, ասել է, որ հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ-ին՝ խնդիրը արագ պետք է լուծվի, հակառակ դեպքում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Այդ մասին Գրիգորյանը խոսել է Հանրային հեռուստաալիքի եթերով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանկ։

Ներկայացնելով իրավիճակը՝ նա ասել է, որ սահմանին զոհ կա և դա ամբողջովին փոխում է իրավիճակը, ուստի ՀԱՊԿ-ը պետք է արագանցի գործընթացը։

«Միջադեպը ցույց է տալիս, որ սպառվում են խաղաղ և դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունները։ Ավելին, 4-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելու իրավիճակ են ստեղծում և ՀԱՊԿ-ն այս հանգամանքը պետք է հաշվի առնի: Մենք շարունակում ենք հուսալ, որ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խնդիրը կլուծվի։ Եթե այդ ճանապարհով հնարավոր չլինի, ստիպված ենք լինելու այլ գործիքներ կիրառել»,- ասել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ը նաև պարտավորություն ունի առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ, այս իրավիճակում, տվյալ պետության տարածք, որ գնահատական տա:

«Հուսով ենք, որ ՀԱՊԿ-ն առաքելություն կուղարկի: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում նաև համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ սահմանները, դիրքրոշումն այդպիսին է և բոլորը կիսում են այն: Այստեղ կարևոր է, որ այս դիրքորոշմամբ ենք առաջնորդվում և հստակ գիտենք՝ այլ հարց չի կարող քննարկվել Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը»,- ասել է նա:

Նա նշել է, որ հանրության ակնկալիքները շատ արագ իրականություն չեն դարձել, բայց համոզված է, որ խնդիրը լուծում ստանալու է։

Անդրադառնալով հարցին, թե կառավարության տեսակե՞տն է, որ սահմանազատման աշխատանքը զուգահեռվի Արցախի կարգավիճակի քննարկմամբ՝ Գրիգորյանն ասել է․ «Մենք գտնում ենք, որ այդ հարցերը փոխկապակցված են, Ադրբեջանի հետ մեր խնդիրները հնարավոր չէ առանձին քննարկել, բոլորը փոխկապակցված են»:

Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ այժմ բանակցություններ են ընթանում, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների կոմիտեի հանդիպում լինի, այնուհետև անվտանգության խորհրդի քարտուղարներին հանդիպում, և կշարունակվի գործընթացը:

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։