26 մայիսի 2021 - 18:50 AMT
Հարությունյան. Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, ոչ մի կրակոց չկա, բայց կրակոցը եղավ

ՀՀ պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում, անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Բաքվի ապատեղեկատվությանն իրենց դիրքերը գնդակոծելուն, հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դիմում է այդ հնարքին՝ սեփական գործողությունները կոծկելու համար։

«Գիտենք՝ իրենք ինչ մարտավարություն են իրականացնում։ Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, ոչ մի կրակոց չկա, բայց այդ կրակոցը եղավ»,- ասել է նա։

Հարությունյանը հավելել է, որ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ հերքելով տեղեկությունը։ Նա նշել է, որ ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և փորձում են դա կոծկել:

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որում ՀՀ զինված ուժերին մեղադրում են մայիսի 24-26-ն Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքերը գնդակոծելու մեջ, այն անվանել է փաստերը կոծկելու խղճուկ փորձ։