Եվրամիությունը պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը։ Այդ մասին ասվում է Եվրամիության խոսնակի հայտարարության մեջ, որը hրապարակվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն կայքում։
«Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ն նաև կրկին հորդորել է Ադրբեջանին առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։
«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։
Բոլոր կողմերը պետք է հետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը և երկու կողմը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում։
Վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։